Անձրևային


Անձրևային տրամադրությունները շարունակվում են:😀 Ինչ անեմ, էս անձրևը մտել ա ուղեղիս մեջ ու դուրս չի գալիս:Դե համ էլ նենց չի որ շատ եմ ուզում` դուրս գա.անձրևի մեռած եմ էլի:😀  Մի խոսքով այսօր դարակներս էի քրքրում ու գտա հին ամսաթերթերս, որտեղ տպագրվել եմ ժամանակին:Պարզվում ա էս պոստը հիմա գրող աղջիկը դեռ փոքրուց էլ անձրև սիրելու տաղանդա ունեցել իր մեջ😛 :
Այդպես նստեցի ու սկսեցի վերընթերցել այդ թերթերն ու ամսագրերը:Միայն Արևածաղիկում մի քանի նյութ գտա, որոնք անձրևային էին:Սրանք փոքր ժամանակ եմ գրել, դե 13-14 տարեկանում:Չգիտեմ, ինձ թվում է այդքան էլ շատ բաներ չեն փոխվել:Էլի գրում էի անձրևի մասին, երազում ու ապրում: Տպագրվածս նյութերից երկուսը կարդացեք ներքևում:
Լուռ անձրև

Նստած եմ գրասեղանիս առջև:Գլուխս անգամ մի րոպե չեմ բարձրացնում ու չեմ նկատում շրջապատս:Կարծես ինչ-որ մի ներքին ձայն ինձ անընդհատ ասում է. «Դե, արագացրու, մի հապաղիր, վերջացրու դասերդ:Վայելիր ցերեկային լույսը ու թարմ ուժերով աշխատիր, որովհետև շուտով մութը կընկնի և չես հասցնի ավարտին հասցնել  գործերդ»:
Մի պահ ես կանգ առա:Ամեն ինչ շուրջս մռայլվեց ու տակավին թաղվեց խավարով:Միայն մի շղարշ էր, որ փռվել էր, և դեռ ինչ-որ առարկաների ուրվագծեր նկատելի էին:Նայեցի պատուհանին և տեղնուտեղը քարացա:Ամեն ինչ` պարզ ու մաքուր ցերեկը, ջինջ լույսն ու արևը, չքացել էին:Անձրևի մանր կաթիլներ էին երևում ապակու վրա:
Զարմանքս մեծ էր:Չէ՞ որ գարուն է, և դրանից ելնելով` կարելի է եզրակացնել, որ պետք է ուղեկցվեր ամպագոռգոռ եղանակով :Բայց այդ մեկն ուրիշ էր, դա բացառություն էր:Մինչ ես արագ արագ որոշ վարժություններ էի գրում, անձրևը մաղեց:Հետո մեծացան կաթիլները և, ի վերջո , նստեցին պատուհանին, ինչպես ցողն է հանդարտ իջնում խոտերին:
Եվ այս ամենը կատարվեց մի գողտրիկ ակնթարթում, սուսուփուս, անաղմուկ, առանց ինձ անհանգստացնելու:
Բայց չէ՞ որ, երբ տեսա ու զգացի այս, անմիջապես վերցրի թուղթն ու գրիչը և սկսեցի…
 
 
 
Անձրև է գալիս, և հոգիս…
 
Դրսում անձրևում է, և հոգիս տագնապած է, սարսափահար ու անհանգիստ:Անձրև է գալիս, և հոգիս ուրախ է, պայծառ ու կենսուրախ:Երկու տարբեր զգացումներ, որոնք կապված են անձրևի հետ: Այն իր հետ բերում է և խաղաղություն, և ալեկոծություն, որոնք անդրադառնում են մարդու հոգեվիճակի վրա:Ահա նայում եմ մեկիկ-մեկիկ վայր ընկնող կաթիլներին, որոնք համբուրում են հողը` նոր կյանքի ու թարմության սկիզբ դնելով:Ինչ հաճելի է այդ կաթիլների ձայնը լսելը:Օդում ելևէջում են յուրօրինակ հնչյունները, և մի գեղեցիկ և ներդաշնակ թրթիռ է ստեղծվում շուրջդ: Եվ ես այդ ամենից պայածառանում եմ, որ կրկին ամեն ինչ թարմությամբ կողողվի , ամեն ինչ կվերածնվի:Սակայն մի քանի րոպե ևս կանգնած մնալով` շուտով զգում եմ, թե ինչպիսի մռայլություն ու ամայություն է ինձ պարուրել:Մի անբացատրելի սարսուռ է մտել մեջս, և ես այլևս չեմ ցանկանում լսել միապաղաղ ու հոգնեցուցիչ կտկտոցը:Ու շուտով  հեռանում եմ պատուհանի մոտից:Դեռ չի անցել անձրևային  եղանակից առաջացած հոգուս խանդավառությունը:Անձրև է գալիս, և հոգիս ասես երկնքում սավառնելիս լինի:
 
 
 
Հ.Գ. Զգո՞ւմ եք ինչ տաղանդավոր «խոխա» եմ եղել:😀😀😀
Մեկ էլ մի բան` գարնանային անձրևը երբեք չեմ փոխի աշնան անձրևի հետ:
 
 
 
 
 
 
 
 
 
 

2 thoughts on “Անձրևային

  1. Դին ջան շատ հավես ես գրել… Էնքան լավ ես գրել , որ ես նույնիսկ պահի տակ անձրև պատկերացրեցի ու ուզեցի , որ ես էլ քո նկարագրած անձրի տակ մնացած լինեի……..

Մեկնաբանությունները փակված են։