Որքան ավելի շատ եմ ատում քեզ, այնքան ավելի եմ սիրում…..

Ու.. որքան հաճախ եմ ատում քեզ, այդքան ավելի է սերս կրկնապատկվում……

Սիրում եմ ամեն անգամ, երբ ատում եմ քեզ, այդ պահերին ես քեզ սիրում եմ այնպես ու այնքան, որքան երբեք…..

Երբ բարկանում եմ քեզ վրա, այդքան ավելի ուժգին է ցանկությունս քեզ կրկին սիրելու:

Երբ ատում եմ, միայն մի բան եմ տենչում, այն է` արագ վերագտնել ինձ, քեզ, մեզ և մեր սերը:

Երբ սիրում եմ` կարծես մի չերեվացող կաթսա լինի ներսումս, այն եռում է ու մի պահ արդեն անվերահսկելի դառնում….սկսում եմ ատել

Որքան ուժգին եմ ատում, այդքան ուժգին ցանկանում եմ քեզ մոտ լինել, գրկել, կամ էլ քեզ կտոր-կտոր անել:

Երբ ատում եմ, ատում եմ ողջ հոգով, երբ սիրում եմ սիրում եմ ողջ հոգով ու այսպես ես լիարժեք եմ:

Սերն ու ատելությունը նույն զգացմունքն են, տարբեր դիմակներով, նրանք լրացնում են իրար ու միմյանց բաց թողնված չափաբաժինները:

Ու թվում է արդեն չեմ կարող ապրել առանց այս հակասական զգացողության, որը միայն առաջին հայացքից է այդպիսին ու երկու հիանալի զգացմունքների միախանում է:

Այս զգացողությունն է ինձ ապրեցնում, ստիպում լիարժեք զգալ, հոգիս լցնում է ու… ստիպում սիրել կրկին ու ավելի ուժեղ:

Այդպես է` երբ միայն սիրում են, մի օր դադարում են սիրելուց….նույնն է նաև հակառակի դեպքում:

Պետք է ատել, որ սիրելը դառնա հավերժ ու իսկական:

Հ.Գ. Սիրում եմ քեզ` ատելուց հետո ավելի շատ:

10 պատճառ արձակուրդը սիրելու համար

Մի քանի օր է արդեն, որ ձմեռային արձակուրդն ինձ համար սկվսել է:Սա սովորական արձակուրդ չէ, այլ իսկապես վաստակած հանգիստ, որի ամեն վայրկյանից հաճույք ես ստանում:Սիրում եմ առհասարակ արձակուրդները ու հատկապես նրանք, որոնք տեղին են ու ժամանակին: Իսկ գիտեք, ինչու եմ հատկապես սիրում արձակուրդը: Ուրեմն այսպես` արձակուրդներին.

1. Դարակներս եմ դասավորում, քանդում եմ բոլոր հին արխվիներս ու կրկին դասավորում:Դասակարգում բոլոր իրերս, այդ ընթացքում գտնում հին իրեր,որոնք բարի ու լավ հուշեր են արթնացնում, վերապրում այդ ամենը ու հաճույք ստանում:Ու դրանից ինձ մի քիչ երջանիկ եմ զգում: ;)

2. Որոշում եմ  ֆիլմերի այն ցանկը, որոնք չեմ հասցրել դիտել ու պետք է դիտեմ արձակուրդներին: Վերանայում սիրելի ֆիլմերս ու նորից ինձ երջանիկ զգում: ;)

3. Կարդում եմ բոլոր այն գրքերը, որոնք ցանկանում եմ, այլ ոչ թե նրանք, որոնք հանձնարարված են քննության համար: Որպես կանոն կիսամյակի ընթացքում գրառում եմ բոլոր այդ գրքերի անունները, որոնք ուզում եմ  հետո կարդալ:Իսկ դա ինձ մի փոքր էլ է երջանկացնում: :)

4. Զբաղվում եմ այն մանր մունր գործերով, որոնք ինձ հաճույք են պատճառում ու որոնք պարտադիր չեն այդքան էլ:Ավարտին եմ հասցնում կիսատ մնացածները:Իսկ գիտեք, որ չկա ավելի հաճելի բան, քան սիրածդ գործով զբաղվելը: :D

5. Հիշում եմ դպրոցական տարիներս, երբ դասացուցակումս կային նաև նկարչության, կերպարվեստի, խեցեգործության ու տիկնիկագործության դասեր (փոքր ժամանակ հատուկ գեղարվեստական թեքումով դպրոց էի գնում): Մի ամբողջ սեղան լցնում եմ անհրաժեշտ պարագաներով ու սկսում…. հետաքրքիր բացիկներ եմ պատրաստում, տարատեսակ զարդարանքներ, իսկ ավելի հաճախ հուլունքներից ու տարբեր իրերից օրիգինալ բիժուներ պատրաստում ինձ համար ու նվիրում ինձ :) Դա մի փոքր խենթ ու հետաքրքիր զբաղմունք է, որը երջանկացնում է: :D

6. Գնում եմ կինոթատրոն ժամանակ առ ժամանակ. այդպես ֆիլմերն ավելի հաճելի է դիտելը. ու դարձյալ ես երջանիկ եմ…….

7. Իմ ունեցած համեստ գրադարանն եմ վերանայում. հո հանկարծ չեմ մոռացել որևէ գրքի մասին:Դա ինձ դուր է գալիս ;)

8. Սիրում եմ ակտիվ հանգիստը, իհրակե պասիվ հանգիստ ունենալուց հետո :D Օրինակ երբեմն կարելի է գնալ  սահադաշտ: Թեև սառույցի վրա այդքան էլ լավ չեմ կարողանում կանգնել, բայց դա մի տեսակ լիցքաթափում է լարված ուսումնական ամիսներից հետո: ;)

9. Կազմակերպում եմ փոքրիկ ճանապարհորդություններ նոր տպավորություններ ունենալու համար: Օրինակ այս անգամ Վրաստան գնալն ինձ համար շատ լավ որոշում էր:

10. Եվ վերջապես արձակուրդների ժամանակ կարող ես պարզապես ոչինչ չանել, ամբողջ օրն անցկացնել տանը, քնել շատ երկար ու այն ժամանակ երբ սիրտդ ուզում է առանց որևէ օրակարգի, լիցքաթափվել ու չմտածել, որ ինչ-որ տեղից կուշանաս կամ մի բան չես հասցնի:Այս վիճակում լինելը ուսանողի համար ամենաերանելի կարգավիճակն է: Չեք պատկերացնում թե սա ինչ երջանկություն է: :D :D :D

Սրանք էին ձմեռային արձակուրդը սիրելու ու դրանք անմոռանալի անցկացնելու իմ համեստ, բայց նաև բովանդակալից անցկացնելու տարբերակները:Հուսով եմ օգնեցի ձեզ մի փոքր: Արձակուրդը հիասքանչ բան է, մանավանդ երբ այն բովանդակալից է լինում, այն

տալիս է նոր ազդակներ ապրելու ու գործելու համար: Ու կարելի է եզրակացնել, որ եթե մարդիկ ավելի շատ արձակուրդ ունենան, նրանք մի փոքր ավելի երջանիկ կլինեն ու կսիրեն իրենց գործը:

Հ.Գ. Ձեզ բարի ու արդյունավետ արձակուրդներ եմ մաղթում: ;)

Սուրբ ծննդյան հեքիաթ

Ըստ` Պաուլո Կոելյոյի 

Ըստ հին ու շատ հայտնի մի լեգենդի, մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի:Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։

Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով:

Եվ գեղեցիկ մի օր այդ երեք մայրիները  որոշեցին խոսել ապագայի մասին: Նրանցից մեկն ասաց.

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

- Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:

- Իսկ ինչ մնում է ինձ, – ասաց երրորդը, – ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:

Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:Անցան տարիներ, ու անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և տարան դրանք:

Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանցից  տախտակներ սարքեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Եվ երեք ծառերը սկսեցին տրտնջալ. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ ոք չկարողացավ, ինչպես հարկն է, օգտագործել այն»:

Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կինը հղի էր և այդ գիշեր նա որդի ծնեց ու նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:

Մանկիկի ծննդից տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին:

Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:

Այդ ընթրիքի  Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:

Բայց երեք օր էլ  չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված ճակատագիրը. խաչին գամված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն եւ խաչը դարձավ նրա հարության խորհրդանիշը:

Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը այնպես, ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ: Դրանք կատարվում են, բայց բոլորովին այլ կերպ, քան պատկերացնում ենք:

Հ.Գ. Այսօր իմ ամենասիրելի օրերից մեկն է, ծննդյան տոնը մեեեծ խորհուրդ ունի իր մեջ:Այսօր կատարվում են բոլորի երազանքները, այսօր հրաշքների օր է: Այսօր ոչ մեկի խնդրանքը անտարբեր չի մնում: Ու թեկուզ իմ պատկերացրածի պես էլ չլինի ամեն բան, միևնույն է ես վստահ եմ, որ այսօրվա երազանքներս կատարվելու են, քանի որ Աստված սիրում է ինձ ու բոլոր մարդկանց:
-Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
-Մեզ և ձեզ մեծ ավետիս:

Ֆիլմային ամանոր

Ու այս տարի վերջապես կարողանում եմ իրականացնել վաղուց ծրագրածս: Ամանորյա այս փոքրիկ արձակուրդին հանգստանում եմ բաց թողածս ֆիլմերը դիտելով: Ուղղակի հրաշք. ֆիլմային նոր տարի է :)

Հ.Գ. Շնորհավոր բոլորիդ ամանորը: Մաղթում եմ, որ այս տարի բոլորն անեն այն, ինչն իրենց դուր է գալիս:

Հեքիաթ երկու «շարֆիկների» մասին

Երբ առաջին անգամ մոխրագույն «շարֆիկը» հանդիպեց սպիտակ «շարֆիկին», նրանք երկուսն էլ ինչ որ տարօրինակ  տրամադրության մեջ էին: :) Երկուսն էլ իրենց նման (կամ գուցե ոչ նման) շատ «շարֆիկների» էին հանդիպել,բայց այդ ընթացքում երկուսն էլ ինչ-որ նոր ու հետաքրքիր բան էին ուզում: Ուզում էին մի գեղեցիկ ու նուրբ «շարֆիկի» հանդիպել, որը ներքուստ կլիներ վառվռուն, գույնզգույն, պայծառ ու «հավեսին»:  :)

Իսկ դուք գիտեք, որ ամանորյա ցանկությունները միշտ էլ իրականանում են. միայն պետք է լավ ցանկանալ:Իսկ նոր տարվա գիշերը միշտ էլ հեքիաթային է լինում, այդ ժամանակ մի հրաշք է կատարվում, որին հավատացողները ստանում են իրենց երազանքը:Այդպես այդ երկու երազկոտ «շարֆիկները» հավատացին իրենց ցանություններին, ու երազը դարձավ իրականություն:Հեքիաթներ կան, պարզապես դրանց հավատացողներն են շատ քիչ…….

Ու մի օր էլ այդ «շարֆիկները» հանդիպեցին ամանորի նախաշեմին ու սիրեցին իրար: Հետո` սիրահարվեցին:Իսկ հետո շարունակեցին գրել իրենց հեքիաթը ` փորձելով ավարտին հասցնել այդ հրաշալի պատմությունը:Մինչև հիմա դա նրանց հաջողվում է:Իսկ հետո նոր գաղափարներ նրանց կայցելեն, ու հեքիաթը նորանոր երազային իրադարձություններով կհարստանա:Իսկ «շարֆիկները» կապրեն երկաաար ու երջանիիիկ:

Ամանորյա իմ հեքիաթը ես արդեն հորինել եմ: Ու որքան հնարավոր է հավատում եմ այդ հեքիաթին:Հավատում եմ, քանի որ ամանորյա հրաշքներին էլ եմ հավատում:Իսկ շարֆիկների այս պատմությունն ինձ համար խորհրդանշական է դարձել, ինչպես նաև ցանկացած շարֆիկ այս աշխարհում, որի վրա կա իմ սիրելի բույրը:Այդ բույրը կիլոմետրերի վրա էլ եմ ճանաչում, ու…խենթանում նրա համար:Այդ բույրը իմն է միայն ու միայն իմը: Իսկ հիմա գնամ կապեմ իմ բուրավետ շարֆիկը ու սպասեմ այս ամանորին, որ նոր հեքիաթ հորինեմ, իրականացնեմ այն և միշտ զգամ այդ բույրը:

Հ.Գ.  Շնորհակալ եմ, որ երազանքներս ու ցանկություններս «ինչ-որ» մեկը լսում ու իրականացնում է…

Ցուրտ է, սառը, կոպիտ, անհյուրընկալ, ջերմ չէ, տխուր է, դժվար, անհանգիստ, վիրավորական,անցանկալի, երբեմն զազրելի ու շնչահեղձ անող…..

Մի լույս միայն, միայն ու միայն մեկը….հեռվում, այն էլ` երազանքների մեջ, մշուշոտ, որը չգիտես էլ իրական է, թե երևակայությանդ արդյունքը:

Լավ է գոնե, որ այս վերջինը կա…

ու…մոռանում ենք

Ինչքան շատ ես սիրում մի մարդու ու նրան քեզ հարազատ հոգի համարում, այնքան ավելի ցավալի է լինում նրա կողմից այդ հեռվացնող վերաբերմունքը:Անցնում է ժամանակը, փոխվում են մարդիկ, մոռանում զգուշացնել, որ իրենք փոխվել են ու օտարանում են:

Ու մեկ է ես այսօր մի պահ սկսեցի կրկին մտածել, որ մարդկանց հանդիպում ենք, ընտելանում նրանց ու մի ժամանակ ստիպված պետք է մոռանանք……………….ինչ զգայուն եմ ես…..ու համ էլ իմ ինտուիցիան չի խաբում ինձ երբեք……….

Տեսնես մենակ ինձ մոտ է, որ նման բաներ են անցնում մտքովս, այն էլ այս կերպ…..

Մնում եմ այս կարծիքիս ու մեկ էլ այս:

 

Շոկոլադից քաղցր

Սերը դա այն է, երբ նրա ձեռքում սիրածդ շոկոլադն է, բայց դու դրան չես էլ ուզում նայել, քանի որ ավելի քաղցր բան ես գտել… Continue reading

երջանիկ ես, երբ…

Երբ կիսվում ես որևէ մեկի հետ, թեթևանում ես, հոգիդել է հանգստանում, դու էլ խաղաղվում ես: Սակայն ավելի մեծ բավականություն ես զգում այն ժամանակ, երբ խնդիրներդ ինքդ ես հաղթահարում, առանց որևէ մեկին դրա մասին ասելու և քո դժվարություններով ուրիշներին ծանրաբեռնելու:Զգում ես, որ դա քո հաջողությունն է:

Այդ ժամանակ էլ դու երջանիկ ես…..

Եվ ի վերջո ինչ են ուզում աղջիկները…

Բոլոր տղաներին և (ոչ միայն նրանց) տանջում է այն հարցը, թե ի վերջո ինչ են ուզում աղջիկները:Ասեմ` աղջիկները ոչինչ էլ չեն ուզում իրականում, պարզապես նրանց ցանկություններն ու մտքերը շատ հաճախ են փոխվում:Մենք` աղջիկներս, չունենք տղամարդկանց հատուկ կայունությունը, դրա համար էլ միշտ ձգտում ենք դեպի նրանց, քանի որ այդ հատկությունը միայն նրանք ունեն:

Աղջիկները ցանկանում են միայն, որ դուք հասկանաք թե ինչ է ուզում նրանց սիրտը և ոչ թե բանականությունը: Աղջիկները ուզում են, որ իրենց հասկանան անգամ այն ժամանակ, երբ անգամ իրենք իրենց չեն հասկանում:Բոլոր նրանք, ովքեր կարողանան սա անել, կհասկանան, թե որն է աղջիկների ուզածը: Աղջիկները շատ հաճախ ոչինչ էլ չեն ուզում, նրանք ոչինչ չեն ուզում այդ պահին, բայց իրենց թվում է, թե մի բան պակաս է, ինչ-որ բանի կարիք ունեն, իսկ տղաները դա չեն հասկանում:

Այո, աղջիկները շատ բարդ են, առեղծվածային, անհասկանալի, երբեմն նյարդային, դյուրագրգիռ, երբեմն հակասական, իսկ երբեմն էլ հասարակ պայծառ ու ուրախ, անհոգ ու երջանիկ: Իսկ տղաները միայն պետք է հասկանան, թե աղջիկը տվյալ տրամադրություններից որ մեկում է գտնվում այդ պահին ու շարժվել ըստ իրավիճակի:Այդ ժամանակ տղաների մոտ հարց չի առաջանա, թե արդյոք ինչ են ուզում աղջիկները:

Եվ վերջում` երբեք մի մոռացեք, որ աղջիկները բարդ, տրամաբանական, խճճված ու հանելուկային խնդրից էլ դժվար են լինում, իսկ այն տղան, ով սիրում է խնդիրներ  ու հանելուկներ լուծել, ապա նա անպայման կհասկանա, թե աղջիկը ինչ է ուզում:

Այնպես որ մի բողոքեք, թե չգիտեք աղջիկների ուզածը. ես ամեն ինչ պատմեցի: :P